«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի ՌԴ նախագահ դառնար Վլադիմիր Պուտինը։ Այսքանից հետո մենք, չգիտես ինչու, զայրանում ու զարմանում ենք, որ ասենք` ինչ-որ մի երիտասարդ կարող է որոշել գալ ու Հայաստանում Պուտին անունով ակումբներ բացել եւ Պուտինի գաղափարները տարածել, կամ որ Հայ ազգային կոնգրեսի անդամ Հնչակյան կուսակցությունը կարող է Ռուսաստանի մեր հայրենակիցներին Պուտինի օգտին քվեարկելու կոչեր անել»։ «Եվ խնդիրը միայն Ռուսաստանը չէ, այլ վերաբերում է ցանկացած այլ պետության։ Բայց Հայաստանում Ռուսաստանի հանդեպ ստրկամիտ հաճկատարությունը այնպիսի բարձր պաշտոնական մակարդակ ունի, որ այդ մակարդակում շատ ավելի նախընտրելի է խախտել ամեն էթիկա եւ հավատարմության երդում տալ Պուտինին ամենաչնչին առիթով անգամ, քան պահել էթիկան եւ նաեւ պետական արժանապատվությունը, ու դրանով նաեւ օրինակ ծառայել հասարակությանը, ինչում Տիգրան Սարգսյանը կարծես թե ցանկանում է լինել առաջինը», - նշում է թերթը։
«Երկիր»-ը գրում է. - «Վերջին տասնօրյակում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Պետեկամուտների կոմիտեում։ Հերթական ատեստացիայի անցկացումից հետո զգալի թվով աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Սակայն հետաքրքիր է, որ ազատվածների թվում են նաեւ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալների մտերիմ շրջապատը կազմող որոշ պաշտոնյաներ։ Հարվածը առավել զգալի է եղել ՊԵԿ նախագահի տեղակալ, ինչպես նաեւ վարչապետի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի Արտաշես Բեյբությանի համար, որի շրջապատը կազմող համարյա բոլոր անձինք ազատվել են հանգուցային պաշտոններից։ Այսպիսով, արձակուրդից վերադարձած Գագիկ Խաչատրյանը փորձում է հստակ հասկացնել, թե ով է իրականում համակարգի ղեկավարը։ Սակայն ժամանակը միայն ցույց կտա` արդյո՞ք նա վերականգնել է իր նախկին դիրքերը, թե՞ ուղղակի որոշել է գնալուց առաջ շրխկացնել դուռը»։